27.11.2022

Ավագ դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Սև ծովն ու կապույտ ալիքները կամ դեպի Անակլիա

1 min read

Թբիլիսից դեպի Անակլիա ճանապարհը տևում է շուրջ 7 ժամ՝ 342 կմ։Երթուղին անցավ Գորի, Խաշուրի, Քութաիսի, Սամտրեդիա քաղաքներով։ Անակլիան մտնում է Զուգդիդի շրջանի մեջ և սահմանակից է Աբխազիային։ Սև ծովի ափին գտնվող այս քաղաքի մասին քչերը գիտեն։ Մինչև գնալը  ես էլ չգիտեի, ու այդ էր երևի պատճառը, որ ճանապարհն այդքան երկար էր թվում։ Թբիլիսից հետո եղանակը շարունակ փոխվում էր՝ մեկ ուժեղ շոգ էր,մեկ խոնավ։ Ճանապարհը նեղ էր, ոլորապտույտներով։ Մեքենան գնում էր դանդաղ, ու պատուհանից կարող էիր տեսնել ամեն ինչ։ Մեկ էլ կտեսնեիր՝ մի ամբողջ փողոց կավից իրերի վաճառակետեր են, մի քիչ ամայի ճանապարհից հետո կհանդիպես փայտյա իրերի վաճառասեղանի, ապա՝ պուրի հացի կետեր, հետո՝ ծաղիկներ։ Վերջինը գամակներն ու ճոճաթոռներն էին։ Երկար ճանապարհը ավարտվեց գույնզգույն պատերով, չորս կողմից դարպասներով փակված տարածքով։ Հասանք։ Զգացվում է Սև ծովի խոնավությունը։ Բոլորս հոգնած ենք, բայց և անհամբեր։ Ամենից անհանգստացնող հարցը մեկն էր՝ ինչ գույնի շապիկներ կունենանք։Կապույտ։ 25 կապույտ ալիքները և Սև ծովը։ Ինչպես հասկացաք՝ կապույտ ալիքները մենք էինք։ Ճամբարը կարծես հատուկ մեզ համար էր։ Ամեն ինչ այնպես էր կազմակերպված, որ բոլորին էլ դուր էր գալիս։ Ինձ համար ամենալավ պահերը եղել են ծովում լողն ու սպորտային ժամերը։ Բայց ամենակարևորը և պարտավորեցնողը, իհարկե, շախմատային մրցաշարն էր, որի հաղթողը դարձա և գրավեցի առաջին տեղը:

Ամենացավալին այն էր, որ իմացանք՝ հաջորդ տարվանից ճամբարի տարածքը քանդելու են։ Ինչպես պատմեց «ստեֆֆերից»(ճամբարի կազմակերպիչներից) մեկը, այդտեղ կառուցվելու է Վրաստանի ամենամեծ նավահանգիստը, որն իր ծավալով կգերազանցի Բաթումիին ու Փոթիին։ Տարածքի տները բնակիչներից պետությունը գնել է միլիոնավոր դոլարներով ու սկսել է նավահանգստի կառուցումը։ Ամառվա ընթացքում 2000-ից ավելի երեխաներ են այստեղ հանգստանում, իրենց ամառը անցկացնում, շատ վատ է, որ հենց այդ տարածքն է ընտրված նավահանգստի համար։ Ինչևէ, ճամբարային օրերն  ավարտվեցին։ Ալիքները շատ տարբեր էին, բայց նաև նման։ Ճամբարային օրերին և՛ ալեբախումբեր եղան, և՛ հանդարտություն, և՛ համախմբում։ Ծովն առանց ալիք ծով չէ, բայց ճամբարն ավարտվեց, ու կապույտ ալիքները կարոտով բաժանվեցին ծովից։

Նյութի հեղինակ՝ Ավագ դպրոցի շրջանավարտ Նարեկ Խլոյան

Leave a Reply

Your email address will not be published.