Սևանում

Առավոտ էր:Ես ու հայրս գնացինք Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, որտեղից ես իմ ապագա ընկերների հետ պետք է երեք օրով Սևանա լճի ափին գտնվող ճամբար գնայի: Վերջապես ավտոբուսը հասավ, և երբ բոլորը տեղավորվեցին, ավտոբուսը շարժվեց: Երկու ժամ անց հասանք Սևանա լիճ: Սկզբից մենք իրերը դասավորեցինք, իսկ հետո գնացինք ծանոթանալու խորվաթ երեխաների հետ: Խորվաթները շատ կաշկանդված էին, դժվար էին շփվում։
Նրանց տեսնելուց հետո ես գնացի Սևանը դիտելու, հիանալու։
Ճիշտ է, շատ ցուրտ էր, բայց տղաները մտան ջուրը՝ լողալու, իսկ ես՝ ոչ:
Երեկոյան սկսվեց երգն ու պարը, ես էլ նկարում էի։
Գիշեր էր: Բոլորս կարգապահ զինվորների պես տեղավորվեցինք մեր սենյակներում։ Իսկ առավոտյան ես առաջինն էի արթնացել և բոլորին արթնացնում էի, որ մասնակցենք նախավարժանքի։ Սկզբից վազում էինք, հետո սկսեցինք ձեռքային և ոտքային վարժություններ կատարել: Մարզանքից հետո գնացինք նախաճաշի: Խոհանոցը նման էր կրկեսի` գույնզգույն, գեղե-
ցիկ: Հետո սկսվեց նետաձգության պարապմունքը։ Բոլորը փորձում էին, բայց ոչ ոքի մոտ չէր ստացվում, միայն իմ և Դավիթի մոտ ստացվեց նետել նշանակետին:
Հետո սկսվեց հորդառատ անձրև, և մենք թաքնվեցինք տնակներում։ Երեք ժամից անձրևը սկսեց ուղղակի կաթկթալ, և ընկեր Միքայելը երկու տղայի հետ մտավ ջուրը՝  լողալու: Չնայած անձրևը կաթկթում էր և ցուրտ էր, բայց ջուրը տաք էր: Վերջապես անձրևը կտրվեց,  և հանկարծ հեռվում երևաց ԱԻՆ-ի նավը, որը եկել էր մեզ Սևանում պտտելու համար։ Երբ մենք նավով հասանք Սևանի միջնամասը, այնքան ցուրտ էր, որ մենք մտանք նավի նկուղը, որտեղ ավելի տաք էր: Նավով մեր ճանապարհորդությունը շատ լավ անցավ: Մենք արդեն հասանք այնտեղ, որտեղ պետք է  հանգստանայինք, արևը սկսեց այրել։
Գիշեր էր: Երրորդ օրն էլ եկավ, երբ ես նորից առաջինը արթնացա և գնացի մնացած երեխաներին արթնացնելու: Նախավարժանքից հետո ընկեր Միքայելը մեզ սովորեցրեց սուսերամարտի շարժումները, ապա ընկեր Գոհարի հետ սկսեցինք հրաձգության դասընթացը։
Այսպիսով՝ անցան երեք օրերը, ու մենք վերադարձանք Երևան։ Ուրախ եմ, որ նման ճամբարի մասնակից եմ եղել։

Գրում է Ավագ դպրոցի նոր սովորող Արեգը

Կարծիք չկա