02.02.2023

Ավագ դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Բարև՛, Ստամբո՛ւլ

1 min read

«Հրանտ Դինք» միջազգային հիմնադրամը ինձ ու իմ ընկերներին հնարավորություն տվեց չորս օրով գտնվելու Ստամբուլում,  մոտիկից ծանոթանալու հարևան երկրի մշակույթին ու կենցաղին: Ի˜նչ լավ է,  որ դիվանագիտական հարաբերություններ չունեցող և փակ սահմանով երկրների միջև կա ուղիղ օդային հաղորդակցություն: Երևանում օդանավը լուսադեմին օդ բարձրացավ և մեկ ժամային գոտի հետ գնալով՝  վայրէջք կատարեց Ստամբուլում: Թուրքական հողի վրա ոտք դնելիս առաջին զգացողությունը վտանգի զգացումն էր, ներքին անհանգստությունը, որ տվյալ պահին ո՛չ պատճառ ուներ, ո՛չ էլ հիմնավորում: Այդ երկրի սահմանը շուրջ տասը տարի հատել եմ ոչ մեկ անգամ ( ոչ օդային), միշտ վստահ, միշտ կարոտած, հայրենի տուն, պատմական հայրենիք վերադարձողի զգացողությամբ, առանց վախի: Սահմանն անցել եմ՝ միշտ, ամեն անգամ մի նոր վայր, նոր բան տեսնելու, «յուրացնելու», բացահայտելու ցանկությամբ:  Չեմ վախեցել, չէ՛, հենց նույն վայրկյանին էլ մոռացել եմ ինձ համար անհանգստացողների նախազգուշացումները: Բայց այս անգամ… Լարված էի, անհամբեր ու անհանգիստ. ինչո՞ւ, ինքս էլ չգիտեմ:

Զգայարանների օգնությամբ մարդն ստանում է տարատեսակ տեղեկություններ շրջակա միջավայրի մասին: Մարդու հիմնական զգայարանները  հինգն են՝տեսողության, լսողության, հոտառության, համի և շոշափելիքի:  Դրանք հնարավորություն են տալիս ընկալել շրջակա միջավայրի առարկաներն ու տարբերել դրանց հիմնական բնույթը, ձևը, գույնը, ջերմաստիճանը, կոշտությունը, հոտը, համը՚՚՚՚՚՚՚…Այո՛, շատ էլ ճիշտ հասկացաք, այդ զգացողությունները ինձ օգնեցին, որ բացահայտեմ Ստամբուլը:

Ստամբուլ

Ստամբուլը Թուրքիայի խոշորագույն քաղաքն է, ունի 20 մլն բնակչություն: Ստամբուլը բացառիկ աշխարհագրական դիրք ունի. Բոսֆորի նեղուցով բաժանված քաղաքի մի մասն Ասիայում է, մյուսը` Եվրոպայում: Չնայած ամառը լիովին իր իրավունքների մեջ է մտել, բայց Ստամբուլում ամենուրեք գույնզգույն ծաղիկներ են. մեղմ կլիման ծովափնյա քաղաք լինելու առավելություններից է: Քաղաքի ասիական մասում գերակշռում են  նորակառույց բարձրահարկ շենքերը, իսկ եվրոպական մասում ամեն քայլափոխի զգացվում է քաղաքի պատմական շունչը: Հիացմունք է պատճառում, որ մինչ օրս պահպանվում է Կոստանդնուպոլսի պարիսպը, ամեն քայլափոխի հանդիպում են շինություններ, որոնք  հուշում են քաղաքի պատմական անցյալի մասին ( ա˜խ, Երևան…): Առաջին հայացքից վերևից Ստամբուլին նայելիս թվում է, թե նայում ես Նորագյուղին, մի տարբերությամբ.  այստեղ շենքերը 4-5 հարկանի են ու գույնզգույն:

Շենքերը՝ իրար կպած,  նեղ ու ծուռումուռ, նեղ, փնթի ներքին փողոցներ, մայթերին խմբով նստած թեյ խմող մարդիկ, պատերի հետևում` օտարի աչքից կարծես թաքնվա՞ծ, թե՞ թաքցրած եկեղեցիներ և ցուցադրաբար վեր խոյացող հսկայական մզկիթներ,   խմբերով հավաքված կատուներ, օդում ամեն քայլափոխի փոփոխվող սննդի բույր և օրական մի քանի անգամ հնչող նամազի ձայն. այսպիսին է իմ տեսած Ստամբուլը: Հա, չմոռանամ, դրոշները. այս երկրում «տառապում» են դրոշապաշտությամբ:  Տարադրամի փոխանակման կետ, սրճարան, խանութի ցուցափեղկ, էլեկտրասյուն, փոքրիկ ձկնորսական նավակ, շուկա, մզկիթ… ամենուր, ուր աչքդ թարթում ես, կարմիր կիսալուսին է ու Աթաթուրքի պաշտամունք Այստեղ ամենուրեք կարմիրը գերակշռող գույն է, որը ճնշում է: Մի քանի օր քաղաքում շրջելուց հետո կարծես հասկանալի է դառնում դրոշապաշտության իմաստը. ամեն քայլափոխի հայկական, բյուզանդական, հունական հետքերը  տեսանելի են, մինչդեռ այդ ամենն այժմ իրենց տերերին չեն պատկանում, ու միայն դրոշներն են, որ հուշում են այդ բազմաշերտ մշակույթի ու արժեքների նվաճված լինելը և ներկայիս պատկանելությունը:

Ստամբուլի հայկական դեմքը

Կան քաղաքներ, որոնք ուրույն մշակույթ ունեն, և դժվար է խոսել այդ քաղաքների ազգային պատկանելության մասին: Այդ քաղաքներից է  Ստամբուլը. այն իրոք խայտաբղետ, գեղեցիկ ու բազմամշակութային քաղաք է: Քաղաքի հայկական շունչը հատկապես զգացվում է Բոսֆորի նեղուցով անցնելիս:  Ստամբուլի շատ պատմական շինություններ հեղինակել են մեր հայրենակիցները, հատկապես՝ Պալյանների հռչակավոր տոհմը: Պալյանների գերդաստանը, հենվելով հայկական և բյուզանդական ճարտարապետական ավանդույթների վրա,  հայազգի մյուս մեծահամբավ ճարտարապետից՝ Սինանից հետո (կառուցել է Կապույտ մզկիթը կամ Սուլթանահմեդ մզկիթը, որը գտնվում է Մարմարա ծովի ափին և ամենագեղեցիկ մզկիթն է համարվում Ստամբուլում) նոր շունչ հաղորդեց և արդիականացրեց թուրքական ճարտարապետությունն ու քաղաքաշինությունը: Տոհմի առաջին ներկայացուցիչը Կայսերի քաղաքում բնակվող հայազգի Պալի Քալֆան էր: Մինչ այդ վարպետ Պալին, որ ճարտարապետական կրթություն չուներ, Կայսերիում հայտնի էր որպես հմուտ քարագործ. գեղեցիկ շինություններ էր կառուցում: Քալֆա թուրքերեն նշանակում է ինքնուս վարպետ: Վարպետ Պալին իր երեք որդիների հետ փառավորեց իրենց և Պալյանների տոհմի անունը՝ կառուցելով բազում հիասքանչ շինություններ մայրաքաղաքում, որոնք  Պոլսի այցեքարտերից են համարվում: Կառուցվեց Դոլմաբահչեի պալատը, որ ունի 285 սենյակ, 43 սրահ, 43 զարդասենյակ, 6 թուրքական բաղնիք: Շենքի ներքին հարդարանքի վրա ծախսվել է շուրջ 14 տոննա ոսկի: Դոլմաբահչեի պալատը Օսմանյան սուլթանների վերջին նստավայրն էր: Դոլմաբահչեի պալատում պահպանվում և ցուցադրվում է հայ անվանի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու նկարների ամենամեծ հավաքածուն:  Պալյանների գերդաստանի ամենաանվանի ներկայացուցիչը Սարգիս  Պալյանն է: Նա XIX դարի Օսմանյան կայսրության հանճարեղ ու ամենահեղինակավոր ճարտարապետն էր, Օսմանյան կայսրության վերջին գլխավոր ճարտարապետը: Նա իր պալատում է հյուրընկալել անվանի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկուն, որի աշխատանքներով ոգեշնչված՝ ինքն էլ նկարում էր, նաև հրաշալի դաշնակահար էր: Նրա եղբայրը՝ Հակոբ Պալյանը,  հովանավորում էր Ստամբուլի հայ գործիչներին, իր հարկի տակ հավաքում նրանց: Հայտնի է, որ Տիգրան Չուխաջյանն իր «Արշակ Երկրորդ» օպերան ձոնել է Հակոբ Պալյանին, որը հաճախ էր իր տանը կազմակերպում պոլսահայ մտավորականների, արվեստագետների հավաքներ ու ճաշկերույթներ: «Արշակ Երկրորդ» օպերայի նախերգանքը առաջին անգամ կատարվել է Հակոբ Պալյանի ապարանքում:  
Հայկական Ստամբուլի հետ ծանոթությունը սկսվում է «Ակոս» շաբաթաթերթի խմբագրությունից: Շենքի մուտքի մոտ տեղադրված սև սալիկը հուշում է, որ հենց այդտեղ է 2007-ին սպանվել Հրանտ Դինքը: Նեղլիկ, գրքերով ու թերթերով բեռնված սենյակներ, սենյակներում՝ հայկական քթի արձանը, Արցախի դրոշը, հայոց տառերով պաստառները հուշում են, որ խմբագրությունը հայկական է, չնայած այստեղ աշխատող 25 հոգուց միայն կեսն են հայեր: Թուրքերեն ու հայերեն հրատարակվող «Ակոս» շաբաթաթերթը հիմնադրվել է 1996-ին: Թերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանի խոսքով` Սփյուռքում, այդ թվում և Թուրքիայում հետզհետե պակասում է հայերեն խոսող հայերի թիվը: Մարդիկ գիտակցությամբ ու ինքնությամբ հայ են, բայց չեն տիրապետում հայերենին: «Ակոսի» թուրքերեն լինելն էլ այս հանգամանքով է պայմանավորված: Էստուկյանը նշում է, որ թերթի հրատարակությամբ պարզվեց` մեծ է նաև ազգությամբ ոչ հայերի թիվը, որոնք հետաքրքրված են հայկական համայնքի կյանքով: Ներկայումս շաբաթաթերթը լույս է տեսնում 5 հազար տպաքանակով, և բաժանորդների թվում կան և ոչ հայեր: Էստուկյանը նշում է, որ այժմ «Ակոսն» ունի ընդդիմադիր ոճ և հատկապես Դինքի սպանությունից հետո քաղաքականացված է: Ապրում են գովազդներից և հայտարարություններից ստացվող միջոցներով, բայց մերժում են նվիրատվությունները, որոնք կարող են խոչընդոտել իրենց անկախությունը: Տարիներ առաջ անգամ թուրքական կառավարությանն են մերժել, որը փորձել է ֆինանսական աջակցություն ցուցաբերել թերթին: Հայկականությունը պահող  հաջորդ վայրերը  Ստամբուլում Կեդրոնական, Պեզճյան  վարժարանները և Սուրբ Խաչ դպրեվանք բարձրագույն դպրոցն են: Այս և մնացած 16 հայկական կրթօջախներում իրականում փորձում են հային հայ պահել:

Ստամբուլի համն ու հոտը

Ամեն քայլափոխի հանդիպող սննդի կետերը, ռեստորաններն ու սրճարանները, օդում տարածվող սննդի բազմազան բույրերը հուշում են, որ այստեղ ուտել սիրում են: Նույնն են վկայում նաև ռեստորաններում մեկը մյուսի հետևից մատուցվող բազմատեսակ ուտեստները: Միայն թե, որքան էլ տարօրինակ է, այստեղ ընդունված է արագ ուտել, ոչ թե հանգիստ վայելել համեղ խորտիկները: Մատուցողները կայծակնային արագությամբ մեկը մյուսի հետևից ուտեստներն են շարում սեղանին: Հենց մատուցումն ավարտվում է, սկսվում է սեղանը հավաքելու գործընթացը: Այդ ամենն այնքան արագ է արվում, որ չես էլ նկատում, թե ինչպես պատառաքաղդ, ափսեիդ չհասած, այլևս տեղում չէ: Եվ մատուցողները զարմացած ու թերահավատ դեմքով վրադ են նայում, երբ փորձում ես հասկացնել, որ սնունդը սեղանից չտանեն: Իսկ սնունդն այստեղ այնքան հայկական է, որ մի պահ անգամ կարող ես մոռանալ, որ հայկական խոհանոցի կերակուրներ չես համտեսում. մածուն, թան, լավաշ, խորոված, լահմաջո ու այդպես շարունակ: Ուշագրավ է նաև այն փաստը, որ այստեղ սպասարկման ոլորտը տղամարդկանց մենաշնորհն է: Բոլոր մատուցողները, առանց բացառության, տղամարդիկ են: Արական սեռի ներկայացուցիչներն են նաև ապահովում մաքրությունը հյուրանոցներում, դպրոցներում, փողոցներում:

Այդքան փակ ու այդքան բաց

Հյուրանոցը, որտեղ մենք մնում էինք, գտնվում էր  Մեսիհպասա պողոտայի վրա, որն առաջին հայացքից ինչ-որ նմանություն ունի մեր Հյուսիսային պողոտայի հետ. նույն շքեղ խանութները, ռեստորանները, գրասենյակները, բայց, ի տարբերություն Հյուսիսային պողոտայի, այստեղ  ու դրան խաչվող փոքրիկ պողոտաների վրա բազմաթիվ գրախանութներ ու հնատիպ գրքերի փոքրիկ կրպակներ կային, որոնք երբեմն իրարից ընդամենը մի քանի մետրով էին բաժանվում: Գրեթե 2 կմ ձգվող պողոտայի վրա կտեսնես ամեն ինչ՝ ազգային հանդերձանքով թուրք խանութպանի, ով ցուցադրական հնարքներով պաղպաղակ է առաջարկում, կարմիր սայլակների մեջ օղակաձև փքաբլիթներ ու բոված ընկույզներ առաջարկող տեղացիների, մուրացկանների, ազգային նվագարաններից մինչև գնչուական երգեր երգող տղաների: Այստեղ և ընդհանրապես ամբողջ քաղաքում շատ կոնտրաստային կերպով արտահայտված է նաեւ Ստամբուլի՝ տարիների միջով անցած ճարտարապետությունը: Շքեղ նորակառույց շենքի կողքին հանկարծ կարող ես տեսնել հունական ճարտարապետության կիսավեր մի կառույց, որի փակ դռների վրա կողպեք է դրված, ու որի մամռակալած փոշոտ պատուհաններից գոնե կարող ես հասկանալ, որ այն երկար է այդպես կանգուն մնացել…

Վեցերորդ զգայարան

Արդեն ասացի բոլոր զգացումների մասին, բայց  մեկն էլ կա, քո ներքին ձայնը կամ գուցե ուրիշ անուն ունի, չգիտեմ: Ստամբուլում այն ինձ մոտ  արտահայտվեց որպես  նախանձ, որը կապված էր այն պատմամշակութային կոթողների հետ, որոնք՝ բավական  չէ դարեր առաջ  «սեփականաշնորհվել» են, հիմա էլ դրանց շնորհիվ մեծ գումարներ են աշխատում: Դրա ապացույցը Սուրբ Սոֆյայի տաճարն էր, որի միայն մուտքի տոմսը մոտ 15 դոլար արժե, իսկ արդեն ներսում քո առաջ բացվում է քրիստոնեական աշխարհի ամենավեհաշուք կառույցներից մեկը, որտեղ առանց ցավի ու ափսոսանքի ուղղակի չես կարողանում շրջել, 31 մետր տրամագծով տաճարի գմբեթի ամենավերին արևելյան մասում պատկերված է գահին բազմած Տիրամայրը` մանուկ Հիսուսի հետ: 8-րդ հրաշալիք համարվող ու դեպի անսահմանություն ձգվող այդ կամարների բարձրության ներքո մի պահ շունչդ կտրվում է:

Բյուզանդական ճարտարապետության մի այլ հրաշալիք է 61 մետր բարձրություն ունեցող Գալաթա աշտարակը, որը ճենովացիների կողմից կոչվել է Հիսուսի աշտարակ, ապա ստացել է Գալաթա անունը: Լինելով քաղաքի ամենաբարձր կառույցը, աշտարակը ռազմավարական նշանակություն է ունեցել,  ծառայել է որպես աստղադիտարան, իսկ այսօր արդեն Գալաթայի մուտքի տոմսի վրա, որն ի դեպ տեղացիների  համար կրկնակի էժան է, կա հետևյալ ծառայությունները` սրճարան, ռեստորան և գիշերային ակումբ, որտեղ առաջարկում են պորտապար և ազգային երգ ու պար: Իսկ աշտարակի բարձունքից Բոսֆորն ու ողջ Ստամբուլն է ափիդ մեջ` ներդաշնակվող վարդագույն կտուրներով ու տանիքներով. մի պահ թվում է, թե վարդագույն քաղաք ասվածը հենց այս է, որ կա:

Ամենավերջում

Տունդարձի ճանապարհին արդեն ճամփորդության հետ  կապված իմ վախերը ժպիտով էի հիշում, չէ՛, ոչինչ չէի մոռացել, հիշողության կորուստ չէի ունեցել: Մեգապոլիս հիշեցնող այդ քաղաքում, որտեղ ամեն օր միայն  20 միլիոն մարդ է արթնանում, ուր ամեն օր հազարավոր զբոսաշրջիկներ են գալիս ու գնում, ոչ ոք հետաքրքրված չէ քո ինքնությունը բացահայտելով. քեզ այդքան էլ  մի՛ կարևորիր: Թուրքիան այսօր պատմության դասագրքերից ինձ, քեզ «ծանոթ» փաշաներից բացի նաև նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկի երկիրն է, ով, դիմագրավելով հետապնդումներին, քաջություն ունեցավ իր գրքում մեջ բարձրաձայնել  հայոց հարցը: «Ո՞ւր են Կարսի և ամբողջ Անատոլիայի միլիոնավոր հայերը»,- իր գրականության մեջ հնչեցնում է Փամուկը: Թուրքիան այսօր նաև ազգությամբ քուրդ, բայց իրեն  թուրք ռեժիսոր համարող  Հուսեյն Կարաբեյի երկիրն է, որը գրում է,« Այստեղ այսօր ապրում են Հրանտ Դինքից հետո  «արթնացած», Դինքի տեսակն ու նրա հայի ինքնությունն ընդունող մարդիկ»:

Ու վերջապես մեր հայրենակիցները, որոնց հետ մի քանի օր շփվեցինք, սեղան նստեցինք, երկխոսեցինք, ապա ամուր ձեռքսեղմումով ու գրկախառնությամբ բաժանվեցինք, ինչպես դա կանեին մարդիկ, ովքեր երկար-երկար բաժանումից հետո հանդիպել են կամ ուղղակի հենց նոր են ծանոթացել, ուզում են բարեկամանալ, փորձում են չվախենալ ու վստահել, մարդիկ, ովքեր ունեն չընդունված ու չճանաչված հարցեր, բայց՝որպես երկխոսելու պատրաստ քայլ, ասում են` Բարև՛, Ստամբո՛ւլ……

Կարդացե՛ք նաև՝

 Ստեֆան Ցվայգ «Վերջին պատարագը»
Ստամբուլ
Ստամբուլի հայկական դեմքը
Հայկական դպրոցները Ստամբուլում
Ելենա Սարգսյան
[SLGF id=4637]

 

 

1 thought on “Բարև՛, Ստամբո՛ւլ

Leave a Reply

Your email address will not be published.