27.11.2022

Ավագ դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Սահմաններից վեր

1 min read

«Հրանտ Դինք» հիմնադրամը օրեր առաջ կրթահամալիրի տասը  ուսուցիչների հնարավորություն ընձեռեց չորս օրով գտնվելու Ստամբուլում՝ մոտիկից ծանոթանալու հարևան երկրի կյանքին, կրթական համակարգին, մշակույթին ու կենցաղին:

Թվացյալ փակ սահմաններն ուղիղ չվերթով կապում էին «Զվաթնոց» ու «Աթաթյուրք»  միջազգային օդանավակայնները: Օդանավակայանը խոշորագույնն է Թուրքիայում: Գտնվում է Ստամբուլի եվրոպական հատվածում՝ Մարմարա ծովի ափին։ 1980 թվականից կրում է Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի անունը։ Այն իր ծանրաբեռնվածությամբ 4-րդն է Եվրոպայում և 13-րդը՝ աշխարհում։

Ստամբուլը գտնվում է Եվրոպան Ասիային միացնող սահմանում, ունի բացառիկ աշխարհագրական դիրք՝ Բոսֆորի նեղուցը Սև ծովը միացնում է Մարմարա ծովին, Եվրոպան՝ Ասիային: Քաղաքն իր անվանումը ստացել է «իջնենք քաղա՜ք», հունարեն «իստա՜մբուլի» արտահայտության արտասանության արդյունքում։ Բնակչությամբ երրորդն է Եվրոպայում։[SLGF id=4092]

Թուքիայում եղել էի՝ Արևմտյան Հայաստանից մինչև Իզմիր, Միջերկրական ծովից՝ Էգեյան: Ծանոթ էի թուրքական մշակույթին, ու թվում էր, որ Ստամբուլն էլ չի տարբերվի տեսածիցս: Սխալվում էի: Այս քաղաքում ասիական ու եվրոպական մշակութային միախառնումները շատ ներդաշնակ են՝ բարձրահարկ նորակառույցներն ու պատմական շինությունները կողք կողքի, միմյանց լրացնող, իրար չխանգարող : Քաղաքում կտեսնեք Պոլսի պարիսպը, որը պահպանվել է իր ողջ հմայքով՝ արտացոլելով պատմական անցյալը:

Ստամբուլն իմ մեջ տպավորվեց  Բոսֆորի զմրուխտե ջրերով , գույնզգույն տանիքներ ունեցող տներով, ամեն քայլափոխի փոփոխվող սննդի բույրով, քաղաքի բոլոր հատվածներից վեր բարձրացող շքեղ մզկիթներով, արևելքի շուկայով:

Տպավորիչ էր Քընալե կղզին, որի ափերը ողողում է Մարմարա ծովը: Կղզում ապրում են ստամբուլահայերը, գործում է Պոլսո հայոց պատրիարքարանին պատկանող Սբ.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին:

Հիացնող էին  հայկական ճարտարապետության նշույլները: Բոսֆորի երկայնքով նավարկության ողջ ընթացքում մեզ ուղեկցեցին Պալյանների գերդաստանի ճարտարապետությամբ ստեղծված շքեղագույն կառույցները: Առանձնակի շլացնող էր  XIX դարի կեսերին կառուցված Դոլմաբահչե պալատը, որը հեղինակել է Կարապետ Պալյանը: Շենքի ներքին հարդարանքի վրա ծախսվել է շուրջ 14 տոննա ոսկի: Պալատի պատերը զարդարում են Հովհաննես Այվազովսկու կտավները: Դղյակից աննկարագրելի տեսարան է բացվում դեպի Բոսֆորի նեղուց:  Հիացմունք ես ապրում, երբ տեսնում ես հայակերտ հանրահայտ դղյակներ, հայկական զարդանախշեր…
Ստամբուլյան կոլորիտի մի մասն են ամենուր հանդիպող սրաճարաններն ու ռեստորանները, որտեղ թումանյանական  «գիքորները» էստի համեցեք էին կանչում, գովաբանում իրենց ճաշացանկն ու հրավիրում համտեսելու: Ուտեստները առանձնանում էին իրենց յուրահատուկ համով ու բույրով: Հետաքրքիրն այն է, որ բոլոր մատուցողները, խանութի աշխատողները, սպասարկողները տղամարդիկ էին:[SLGF id=4124]

Տպավորություններից, տեսածից ու զգացածից կարող եմ անվերջ գրել ու չավարտել, բայց ուզում եմ երկու բան առանձնացնել, որն էլ հենց եղել է ճամփորդության նպատակը:

Ստամբուլյան մեր առաջին կանգառը Պեզճյան հայկական վարժարանն էր, որտեղ կրթական ծրագրերի փոխանակման  առաջարկով էինք ներկայանում: Հանդիպում ստամբուլահայ մանկավարժների հետ, զրույց ամեն ինչից: Զարմանալի էր այդ ջերմությունը, հյուրընկալությունը՝ միասնական, սահմաններ ջնջող նախաճաշը. սեղանի շուրջ նստած էին Հայաստանի, Ստամբուլի հայ և թուրք ուսուցիչները:

Երկրորդ կանգառը «Ակոս» թերթի խմբագրությունն էր, որտեղ էլ տեղակայված է «Հրանտ Դինք» հիմնադրամը: Շենքի մուտքից արդեն հայկական շունչ է զգացվում. ներսում Արցախի դրոշն է, արևելահայերենով բարեհամբույր դիմավորող երիտասարդները: Այստեղ հանդիպեցինք Ստամբուլում գործող 17 հայկական վարժարանների ուսուցիչների ու տնօրենների հետ: Հետաքրիր հանդիպումներ ստացվեցին, որոնք, հուսով եմ, իրենց շարունակությունը կունենան արդեն Երևանում:

Կարևոր է, որ «Հրանտ Դինք» հիմնադրամի Հայաստան-Թուրքիա դրամաշնորհային ծրագրերի համակարգմամբ զբաղվում են երիտասարդները: Նրանք համոզված են, որ երիտասարդների հանդիպումներով, փոխայցելություններով թշնամանքն ու վախը կպակասեն, որ երկու երկրների մեջ կսկսվի խաղաղության ժամանակաշրջան:[SLGF id=4125]

Ճամփորդությունը բազմաշերտ էր՝ մշակութային, ճանաչողական զբոսանքներից մինչև Ստամբուլի հայկական դեմքը:

Ինձ համար առանցքը մեկն էր՝ մարդը մարդու կողքին, սահմաններից վեր:

1 thought on “Սահմաններից վեր

  1. Պատկերավոր ու բովանդակալից նկարագրություն էր:Կարևոր ու ցանկալի եզրահանգումներ են՝ «թվացյալ փակ սահմաններ», «մարդը մարդու կողքին», «սահմաններից վեր», «երիտասարդների փոխայցելություններով թշնամանքն ու վախը կպակասեն և կսկսվի խաղաղության ժամանակաշրջան»…: Շնորհակալություն.

Leave a Reply

Your email address will not be published.