Մտորումներ հանդիպումից հետո
1 min read
Առաջին կաթիլի հետ անձրևի սպանվեց ամառը.
թրջվեցին բառերը, որ ծնվել էին աստղազարդից,
Բառերն այն բոլոր, որ ունեին հատուկ և միակ նշանակետը – Քե՛զ:
Ինչպես էլ բացենք թևերը մեր,
այժմ մեզ հաշվի չի առնում ժամանակը…
Մայր դպրոցի ընթերցասրահում գրականագետ Հայկ Համբարձումյանի և թարգմանիչ Շուշան Կարապետյանի հետ հանդիպումը անցավ քննարկման, հարց ու պատասխանի, հունական երաժշտության գեղեցիկ հնչյունների մթնոլորտում: Քննարկումը նվիրված էր 20-րդ դարի հունական գրականության ամենահայտնի ներկայացուցիչներից մեկի՝ գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Օդիսսեաս Էլիտիսի «Քամին Աստվածամոր» ժողովածուին, որի բանաստեղծությունները թարգմանել է Շուշան Կարապետյանը: Օդիսսեաս Էլիտիսը թողել է հարուստ գրական ժառանգություն, նրա բանաստեղծությունները թարգմանվել են շատ լեզուներով, բայց հայ ընթերցողին այն ներկայացվում է առաջին անգամ:
«Էլիտիսի բանաստեղծություններն այնքան գեղեցիկ են, որ երաժշտության են նման: Այն շատ լավ է հնչում նաև հայերենով: Հունական ժամանակակից պոեզիան շատ գեղեցիկ է, ֆանտաստիկ հարուստ, որը նոր շունչ է բերում նաև հայերենին: Ուզում եմ կարդաք գիրքը և ասեք՝ ինչքան գեղեցիկ է հունական հայերենը»,- նշեց թարգմանչուհին: «Քամին Աստվածամոր» ժողովածուն հայ ընթերցողի առջև բացում է նոր հունական բանաստեղծության խորհրդավոր, չափազանց գրավիչ աշխարհը` անտիկ մշակույթից մինչև 20-րդ դարի եվրոպական պոեզիա:
Գրքում հրաշալի հայերենով հունական պոեզիա կա: Գրքում տեղ գտած բանաստեղծությունները պարունակում են բանաստեղծության համար կարևոր մի տարր՝ աղոթքային տարրը: Բանաստեղծությունները աղոթքներ են՝ ուղղված կյանքին, մարդկային հարաբերություններին:[SLGF id=3874]