Ճամբար Սևանի «Ժայռ» լողափում

Գրում է ամառային ճամբարի արցախցի մասնակից  Ասղիկ Հակոբյանը

Օգոստոսի 14-ին ժամը 9-ին հրապարակում հավաքվեցին մի խումբ երեխաներ, որոնք պատրաստվում էին մեկնել ճամբար: Պայծառ դեմքերով և ուրախ ժպիտներով տեղավորվեցինք ավտոբուսի մեջ և ընկեր  Մեսրոպյանի ուղեկցությամբ ճանապարհ ընկանք  դեպի չքնաղ Սևան: Երեխաներից ոմանք ճանաչում էին  իրար, իսկ մնացածներն էլ ծանոթացան միմյանց հետ: Ճանապարհը շատ հետաքրքիր անցավ ՝երգելով, զրուցելով հասանք «Ժայռ» լողափ: Այնտեղ  ջերմորեն դիմավորեցին ընկեր Սոնան և ընկեր Տիգրանը: Նրանք մեզ ծանոթացրին ճամբարի տարածքին և կարգուկանոնին: Եվ առաջին գործը, որ արեցինք  հանդիպումն էր կապուտաչյա լճին: Հիանալի եղանակը, մաքուր ու սառը ջուրը մեզ մոռացնել տվեցին ճանապարհի հոգնածության մասին: Ճամբարում էին նաև Մխիթար-Սեբաստացի կրթահամալիրի 4-րդ դասարանի երեխաները: Նրանց մեջ էր նաև կրթահամալիրի տնօրեն Տիար Բլեյանի տղան` Դավիթը, ով մեզ ոգոշնչեց ու շատ հետաքրքրեց իր գեղեցիկ պահվածքը: Պարզապես ոչնչով չէր տարբերվում մյուսներց, որը ինչ-որ տեղ յուրահատուկ մի դաս էր… Ընկեր Ալինան սպորտային մրցույթ կազմակերպեց , որը շատ հետաքրքիր անցավ: Եկավ խարույկի ժամանակը:Սևանի ափին խարույկ վառեցինք: Կիթառ նվագեցինք , երգեցնք , լիցքաթափվեցինք:Ժամանակն էր քնելու: Բայց մենք չէինք քնելու փափուկ անկողիններում, այլ վրանում ՝քնապարկերի մեջ,որը ավելի հետաքրքիր էր դարձնում ճամբարն ու առօրյան: Հաջորդ օրը լիցքային վարժություններ անելուց և նախաճաշելուց հետո պետք է պատրաստվեինք խաղողօրհներգի ծեսի երգի ուսուցմանը: Մենք ընկեր Մարինեի ղեկավարությամբ սովորեցինք խաղողօրհներգին նվիրված երգեր, այնուհետև նաև պարեր: Հաջորդ քայլը,  որ արեցինք ուղևորություն էր դեպի Սևանավանք: Ավտոբուսում ընկեր Սոնան մեզ ավելի մանրամասնորեն պատմեց Սևանա թերակղզու, Սևանավանքի, կապուտաչյա լճի մասին: Եկեղեցում աղոթեցինք և յուրաքանչյուրն Աստծուն հաղորդեց իր սրտի ուզածը: Ընկեր Սեդան առաջարկեց շարականներ երգել, որին մենք սիրով համաձայնեցինք: Պարզապես վայելեցինք ու զմայլվեցինք նրա անթերի ձայնով: Այնուհետև նկարվեցինք ջոկատավարների հետ ՝ստեղծելով գեղեցիկ հուշեր: Մենք ցանկացանք նստել նաև նավը, սակայն ժամանակի սղության պատճառով չհասցրեցինք: Բայց մենք ուխտեցինք,որ անպայման կնստենք նավը:

Այդ օրը պետք է հրաժեշտ  տայինք Մխիթար-Սեբաստացի կրթահամալիրի 4-րդ դասարանի երեխաներին և դիմավորեինք ուրիշ խմբի: Նրանց հետ մեզ միացան նաև ընկեր Տաթևը, ընկեր Արշակն ու ընկեր Էմման, ովքեր հիացրին մեզ իրենց անմիջականությամբ, այնպիսի տպավորություն էր կարծես մի քանի տարվա ծանոթներ էինք: Մենք շարունակեցինք պատրաստվել խաղողօրհներգի արարողությանը: Ճամբարում մեզ կլոր սեղանի հրավիրեցավագ դպրոցի տնօրեն ընկեր Մարտան: Մենք զրուցեցինք նրա հետ, հայտնեցինք մեր կարծիքները: Նաև որոշ առաջարկություններ արեցինք ճամբարի վերաբերյալ: Հետաքրքիր զրույց ունեցանք Ռուսաստանից եկած աղջիկների հետ , ովքեր հետաքրքրված էին հայկական մշակույթով: Պատմեցին իրենց տպավորությունների մասին, հայ ժողովրդի  և նրանց հյուրասիրության և իհարկե մաքուր ու գեղեցիկ քաղաքի մասին:

Հաջորդ օրը պետք է հաղթահարեինք Արեգունու բարձունքը:  Ճանապարհը դժվար էր, բայց մենք կարողացանք հաղթահարել դժվարությունը: Այդ բարձունքից նայել Սևանին ,նույն է ինչ լինել դրախտում: Կարելի է ուղղակի զմայլվել կապուտաչյա լճի գեղեցկությամբ:

Նախավերջին օրը պետք է հրաժեշտ տայինք մեր մյուս խմբին: Պայմանավորվեցինք հոկտեմբերին հանդիպել Ստեփանակերտում: Նրանց ճանապարհելուց հետո մնացինք մենակ: Մենք և Սևանը: Այդ օրը ճաշը պատրաստեցինք մենք: Հաճելի եռուզեռ էր տիրում խոհանոցում: Բոլորը ցանկանում էին ինչ որ կերպ օգնել: Այս էլ իր հետաքրքրությունն ուներ. այն ուսուցողական էր ու դաստիարակչական /ինքնուրույն դառնալու մեծ առիթ էր/:  Երեխաները մեծ բավականությամբ կերան ճաշը: Սկսեցինք պատրաստվել  վերադառնալուն: Քանի որ ուխտել էինք , որ պիտի նստենք նավը, գնացինք Սևանավանք և կատարեցինք մեր ուխտը: Վերադարձի ճանապարհը նույնպես շատ հետաքրքիր էր: Քանի որ ճանապարհը անցնում էր Դադիվանքի կողքով , որոշեցինք բաց չթողնել  առիթը և այցելել եկեղեցի: Եկեղեցում երգեցինք խաղողօրհներգին նվիրված երգերը և կերանք օրհնված խաղողը: Երեկոյան հոգնած հասանք Ստեփանակերտ : Բաժանումը դժվար էր:  Ծնողները զարմացած էին… և անչափ ուրախ` տեսնելով իրենց երեխաների աննկարագրելի տրամադրությունը: Սակայն որոշեցինք միշտ կապի մեջ լինել և իրար չմոռանալ:

Այդ հետաքրքիր ճանապարհորդության համար կցանկանայի շնորհակալություն հայտնել Աշոտ Բլեյանին մեզ հետաքրքիր օրեր պարգևելու համար, մեր բոլոր ղեկավարներին և, իհարկե , ընկեր Մեսրոպյանին մեզ այս հաճելի պահերը պարգևելու համար:

 

 

 

 

 

 

Կարծիք չկա