Կինը՝ կնոջ տեսախցիկում

Դեկտեմբերի 7-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողներն այցելեցին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոն, որտեղ բացվել է «Շադի Ղադիրյան. հետահայաց» խորագրով ցուցադրությունը։
Ցուցադրության շրջանակում ներկայացված են հայտնի իրանցի լուսանկարչուհու հիսուներեք աշխատանքներ: Շադի Ղադիրյանի յոթ շարքերի լուսանկարներն առաջին անգամ են ցուցադրվում Հայաստանում: Արվեստագետի աշխատանքները ցուցադրվել են տարբեր երկրներում՝ Իրան, Ֆրանսիա, Կանադա, Իտալիա, Բելգիա, Հնդկաստան, ԱՄՆ եւ այլն:
Ցուցադրությունը յուրահատուկ անդրադարձ է՝ բացահայտելու լուսանկարչուհու ներաշխարհը և աշխարհընկալումը, որոնք մեզ են փոխանցվում թվացյալ պարզ, սակայն միանգամայն խորունկ պատկեր-ուղերձներով:
Ցուցադրության կենտրոնում կինն է՝ իր հոգսերով, ապրումներով եւ առօրյայով։ Չնայած ցուցադրությունն ինքնին շատ հետաքրքիր էր, սակայն մեզ հատկապես շատ էր հետաքրքրում «like everyday» շարքը, որտեղ կանանց դեմքերը փոխանակված են կենցաղային տեխնիկայով, որոնք իշխում են տնային տնտեսուհիների կյանքում։
Կինը ստիպված է բավարարել «ուրիշների» ցանկություններն ու իղձերն այն աստիճան, որ երբեմն նույնիսկ հրաժարվում է իր դեմքից, այնուամենայնիվ բավական է բարձրացնել վարագույրը եւ տեսնել, թե այնտեղ ով է։ «Այնտեղ կինն է, այնտեղ ես եմ»,- այսպես է բնութագրել լուսանկարչուհին իր «like everyday» շարքը։
    
Կարծիք չկա