Քայլարշավ Հրազդանի ափով. Կարմիր բլուր, Հրազդանի կիրճ

2

Ապրիլի 29-ին մի խումբ սովորողներով ընկերներ Հասմիկ Ղազարյանի և Հասմիկ Նալբանդյանի հետ գնացինք Կարմիր բլուր (Թեյշեբաինի ամրոց, մ.թ.ա. VII դարի առաջին կես): Բլուրը Հրազդան գետի ձախ ափին է: Բլուրը կոչվում է Կարմիր, որովհետև այն ամբողջովին կարմիր հողով է պատված: Իսկ մենք կարծեցինք՝ կարմիր կակաչների շնորհիվ է, որոնցով պատված են բլրի լանջերը: Մեզ հետ էր նաև ընկեր Հասմիկ Նալբանդյանի զարմիկը: Նա պատմաբան է և պատմում էր մեզ Թեյշեբաինի բերդաքաղաքի պեղումների մասին: Նույնիսկ գետնին գտանք հին կուժերի կտորներ: Տեսանք հին բնակարաններ, որոնք կլոր ձևով էին կառուցված: Նախքան գնալը համացանցում կարդացել էի, որ հնավայրը գտնվում է ծայրահեղ անմխիթար վիճակում, ամբողջովին պատված է աղբով: Շատ ուրախացա և զարմացա, երբ տեսա,  որ ոչ մի տեղ մեծ աղբակույտեր չկան, դե իսկ փոքրերը մենք հավաքեցինք: Բացի այդ բլրի շուրջբոլորը տեսա նոր տնկված ծառեր: Դա ինձ շատ ուրախացրեց: Գուցե մի քանի տարի անց  բլուրը նորից պատված լինի ծառերով: Բայց նույնը չեմ կարող ասել Հրազդանի կիրճի մասին: Այն ամբողջովին աղբով էր պատված: Զարմացա, թե ինչպես են շրջապատի մարդիկ ապրում այդպիսի աղբի և կեղտի մեջ: Աղբակույտերը նաև փչացնում էին բլրից բացվող տեսարանը:

Բլրից իջանք ձոր: Քայլում էինք գետի կողքով, ունկնդրում բնության ձայները՝ գետի խշշոցը, գորտերի և բադերի ձայները, տերևների խշխշոցը: Գետի ափից մի փոքր հեռու բնակիչներն իրենց հողատարածքները ունեն, որոնք խնամում են: Որոշեցինք մի քիչ հանգստանալ խատուտիկներով լի դաշտում: Ճանապարհին գետի վրա ջրաղացի նման ջրամատակարարման հետաքրքիր կառույց տեսանք: Քայլեցինք մինչև Երևանյան լիճ: Իմ կարծիքով, Հրազդան գետին որ կողմից էլ մոտենանք, շրջապատված է գեղեցիկ բնությամբ: Բայց ափսոս, որ աղբը փչացնում է տեսարանը։

Սիրանուշ Ասատրյան