ԵՐԵՎԱՆԻ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

0

Հաստատված է կրթահամալիրի կառավարման խորհրդի 22.05.2018թ. նիստում նիստում

 

ԵՐԵՎԱՆԻ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` կրթահամալիր) Ավագ դպրոցը (այսուհետ՝ դպրոց) կրթահամալիրի մասնաճյուղ է:
  2. Դպրոցի տնօրենին (այսուհետ՝ ղեկավար) կրթահամալիրի գործադիր տնօրենի (այսուհետ՝ Տնօրեն) ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ):
  3. Դպրոցն իրավաբանական անձ չէ, չունի առանձին հաշվեկշիռ և բանկային հաշիվ:
  4. Դպրոցը կրթահամալիրի կողմից լիազորված է իրականացնելու կրթահամալիրի գործունեության առարկայից, նպատակներից և խնդիրներից բխող գործունեություն:
  5. Դպրոցի կանոնադրությունը և դրանում փոփոխությունները Տնօրենի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը:
  6. Դպրոցն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, կրթահամալիրի և դպրոցի կանոնադրություններով:
  7. Դպրոցի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Ա. Բաբաջանյան 25:
  8. Դպրոցը ունի չկոդավորված կնիք, ձևաթուղթ և խորհրդանիշ:
  9. Կարճ անվանումն է` Ավագ դպրոց:
  10. Դպրոցը ունի էլեկտրոնային կայք` highschool.mskh.am, որը գործում է որպես դպրոցի պաշտոնական տեղեկատվական, զանգվածային լրատվական միջոց և սոցիալական ցանց, ներառում է դպրոցի էլեկտրոնային մատենավարությունը, բլոգային ուսուցման համակարգը՝ մանկավարժական աշխատողների, սովորողների, ակումբների, խմբերի բլոգները, դպրոցի աշխատողների, սովորողների, ծնողների փոստային համակարգը։
  11. Դպրոցը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է համագործակցել հայաստանյան, օտարերկրյա կրթական հաստատությունների և կազմակերպությունների հետ:
  12. Դպրոցում չեն թույլատրվում քաղաքական և կրոնական կազմակերպությունների ստեղծումն ու գործունեությունը:

II. ԴՊՐՈՑԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԱՌԱՐԿԱՆ

  1. Դպրոցի գործունեության առարկան 9-12-րդ դասարաններում հանրակրթական, հատուկ (այդ թվում` առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների) հեղինակային, լրացուցիչ կրթական ծրագրերի իրականացումն է:
  2. Դպրոցի գործունեության նպատակներն են`
    • ազգային դպրոցի հարուստ ավանդույթների վերածնունդը, առաջավոր կրթական, այդ թվում` կրթահամալիրի հետազոտող մանկավարժների մշակած մոտեցումների ներդրում.
    • սովորողների (այդ թվում` առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորած) ներդաշնակ ու բնական զարգացման համար մանկավարժական–հոգեբանական, սոցիալական անհրաժեշտ միջավայրի ապահովում:
  3. Դպրոցի խնդիրներն են.
    • կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրի մշակում, կիրառում, տարածում.
    • դպրոցի, կրթահամալիրի հնարավորությունների օգատագործմամբ յուրաքանչյուր սովորողի (այդ թվում` առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխայի) ընդունակությունների դրսևորման և զարգացման պայամանների ապահովում.
    • ընդհանուր ներառական կրթության ապահովում.
    • սովորողի և աշխատողի ինքնուրույնության, նախաձեռնողականության ու անհատական պատասխանատվության առավելագույն մակարդակի ապահովում.
    • ուսումնական կենտրոններում, լաբորատորիաներում, արվեստանոցներում, արհեստանոցներում, ուսումնաարտադրական արհեստանոցներում արտադրութամբ ուսուցման կազմակերպում.
    • ֆիզիկական և մեդիա կրթական բաց միաջավայրի ներդաշնակեցում.
    • կրթության սուբյեկտների միջև իրական ու լիարժեք հաղորդակցության ապահովում` ժամանակակից տեղեկատվական ու հրատարակչական տեխնոլոգիաների ու միջոցների օգտագործմամբ.
    • սովորողի լրացուցիչ կրթության կազմակերպում:

III. ԴՊՐՈՑԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

  1. Դպրոցի կառուցվածքը Տնօրենի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը: Իր կանոնադրական նպատակները և խնդիրները լուծելու համար դպրոցն ստեղծում է ուսումնական արհեստանոցներ, լաբորատորիաներ, ակումբներ, կաբինետներ, օգտվում կրթահամալիրի ուսումնական կենտրոնների, լաբորատորիաների, արվեստանոցների, արհեստանոցների հնարավորություններից:
  2. Դպրոցում գործում են 9-12-րդ դասարաններ:
  3. Ուսումնական աշխատանքները կազմակերպվում են կրթահամալիրի ուսումնական օրացույցի, ուսումնական ժամանակացույցի, դպրոցի ուսումնական օրացույցի, դպրոցի ուսումնական պլանների, սովորողների անհատական ուսումնական պլանների և դասացուցակների հիման վրա:
  4. Դպրոցի ուսումնական պլանները կրթահամալիրի մասնաժողովի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը:
  5. Ուսուցումը կազմակերպվում է խմբով` դասարան, սովորողների ընտրությամբ դասընթացի խումբ, սովորողների նախասիրությունների զարգացման ակումբ, երգչախումբ, ճամփորդության խումբ, ճամբարական խումբ, ջոկատ, այցելուների խումբ և անհատական: Խմբերում սովորողների թիվը որոշվում է կրթահամալիրի ծախսերի նախահաշվով ամրագրված ցուցանիշների համաձայն:
  6. Խմբային ուսուցումը կազմակերպվում է  դասերի, ակումբային պարապմունքների, ուսումնական նախագծերի, ուսումնական-հայրենագիտական ճամփորդությունների, ճամբարների, ստեղծագործական հավաքների, համերգների, ցուցահանդեսների, ներկայացումների (ուսումնական պարապմունքներ) ձևով:
  7. Սովորողի ուսումնական ծանրաբեռնվածությունը որոշվում է սովորողի անհատական ուսումնական պլանով, որը կազմվում է դպրոցի ուսումնական պլանի հիման վրա և հաշվի է առնում սովորողի ընտրության հնարավորությունը, իրականացվող ուսումնական նախագծերով, ինքնասպասարկման և շրջակա միջավայրի բարելավման աշխատանքներով, ճամփորդություններով, ճամբարներով:
  8. Դպրոցում կիրառվում են առկա, հեռավար, տնային ուսուցման ձևեր`սովորողին տալով պահին, պայմաններին համապատասխան ձևն ընտրելու հնարավորություն:
  9. Սովորողի ընտրությամբ գործունեության պարապմունքները կազմակերպվում են կրթահամալիրի ուսումնական կենտրոններում, արհեստանոցներում, արվեստանոցներում, ուսումնաարտադրական արհեստանոցներում:
  10. Սովորողը դպրոց ընդունվում է կրթահամալիրում սահմանված կարգով:
  11. Դպրոցը կազմակերպում է սովորողներին և աշխատողներին ամենօրյա թարմ, առողջարար սնունդով ապահովումը:
  12. Սովորողների բուժսպասարկման աշխատանքներն իրականացնում է դպրոցին կցված բուժաշխատողը, որ պատասխանատու է նաև բուժկանխարգելիչ միջոցառումների և դպրոցում սանիտարահիգիենիկ պահանջների պահպանման համար:
  13. Լրացուցիչ կրթական ծրագիրն ուղղված է սովորողի կրթական պատվերի կատարմանը: Լրացուցիչ կրթական ծրագիրը իրականացվում է ուսումնա-արտադրական արհեստանոցներում, լաբորատորիաներում, ակումբներում, կաբինետներում: Սովորողը լրացուցիչ կրթությունը կարող է իրականացնել կրթահամալիրից դուրս:
  14. Դպրոցում ուսուցման լեզուն գրական հայերենն է:

IV. ԴՊՐՈՑԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

  1. Դպրոցի ընթացիկ ղեկավարումն իրականացնում է ղեկավարը:
  2. Դպրոցում ուսումնադաստիարակչական աշխատանքի արդյունավետ կազմակերպման նպատակով ձևավորվում են խորհրդակցական մարմիններ` մանկավարժական խորհուրդ, սովորողների խորհուրդ, ծնողական խորհուրդ:
  3. Մանկավարժական, սովորողների, ծնողական խորհուրդները իրենց գործունեությունը կարող են ծավալել նաև վիրտուալ միջավայրում։
  4. Դպրոցի ղեկավարը`
    • կազմակերպում և ղեկավարում է դպրոցի ընթացիկ գործունեությունը.
    • Խորհրդի հաստատմանն է ներկայացնում դպրոցի զարգացման ծրագիրը.
    • մասնակցում է Խորհրդի, կրթահամալիրի վարչական խորհրդի, մասնաժողովի նիստերին.
    • ղեկավարում է դպրոցի մանկավարժական խորհրդի աշխատանքները.
    • նպաստում է սովորողների խորհրդի և ծնողական խորհրդի աշխատանքներին.
    • ապահովում է դպրոցի ենթակայքի աշխատանքը.
    • մասնակցում է դպրոցի աշխատողի անհատական աշխատաժամանակը կազմելուն և այն ներկայացնում Տնօրենի հաստատմանը.
    • ապահովում է դպրոցում կրթահամալիրի ներքին կարգապահական կանոնների (այսուհետ՝ Կանոններ), աշխատանքի պաշտպանության և անվտանգության կանոնների պահպանումը.
    • նշանակում է դպրոցի կաբինետների, արհեստանոցների, լաբորատորիաների ղեկավարներին.
    • կազմակերպում է սովորողների ընդունելությունը դպրոց.
    • սովորողի և նրա օրինական ներկայացուցչի (ծնողի) հետ, կրթահամալիրում սահմանված կարգով, կնքում է ուսումնառության պայմանագիր.
    • կազմավորում է դպրոցի ուսումնական խմբերը.
    • հաստատում է դպրոցի դասացուցակը և դրա փոփոխությունները.
    • ուսումնական պլանին համապատասխան ապահովում է կրթական ծրագրի իրականացումը, կրթական գործընթացի կազմակերպումը.
    • առողջական վիճակի պատճառով ժամանակավորապես հաճախել չկարողացող կամ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողի համար, սահմանված կարգով, կազմակերպում է հեռավար, առցանց կամ տնային ուսուցում.
    • կրթահամալիրում սահմանված դեպքերում և կարգով կազմակերպում է սովորողի ուսուցումը հեռավար ձևով.
    • ստեղծում է սովորողի և աշխատողի առողջության, հիգիենայի, սննդի, հանգստի,    ֆիզիկական    և    հոգևոր զարգացման համար    անհրաժեշտ    պայմաններ.
    • վերահսկողություն է իրականացնում սովորողների սննդի, դասավանդման բովանդակության, սովորողների գիտելիքների յուրացման որակի, նրանց վարքի, արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպման, սովորողի կողմից իր աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ.
    • հետևում է պարտադիր գործածության երաշխավորված փաստաթղթերի  վարմանը և պահպանմանը.
    • ապահովում է պայմաններ սովորողների ընտրությամբ գործունեության, դասընթացների  համար.
    • ապահովում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթություն ստանալու իրավունքը.
    • ներկայացնում է դպրոցի գործունեության կիսամյակային, տարեկան հաշվետվությունները.
    • օրենքով սահմանված կարգով կրում է  պատասխանատվություն օրենքների, հիմնադրի, նախարարության, Խորհրդի, կրթահամալիրի Տնօրենի որոշումների,  այլ իրավական ակտերի և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ  պատշաճ կատարելու համար.
    • կազմակերպում է սովորողի արտադրությամբ ուսուցումը.
    • կատարում է Տնօրենի հանձնարարություններ.
    • դպրոցի ղեկավարի բացակայության դեպքում, կրթահամալիրի Տնօրենի  որոշման (կարգադրություն, հրաման) համաձայն, նրա լիազորություններն իրականացնում է այլ անձ:
  5. Մանկավարժական խորհուրդը կազմավորվում է դպրոցում աշխատող բոլոր մանկավարժական աշխատողներից, կրթահամալիրի այլ մանկավարժական աշխատողներից: Մանկավարժական խորհուրդը քննարկում է՝
    • Դպրոցի զարգացման ծրագիրը և երաշխավորում է այն խորհրդի հաստատմանը.
    • ուսումնական պլանները.
    • ուսուցման բովանդակության, սովորողների ուսումնառության որակի, նրանց հետ տարվող արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպման հարցերը.
    • քննարկում է առանձին սովորողի անհատական հարցը։
  6. Մանկավարժական խորհրդի նիստերի օրակարգը նիստից երեք օր առաջ տեղադրվում է mskh.am կայքում.
  7. Մանկավարժական խորհրդի նիստերը բաց են։
  8. Դպրոցի ծնողական խորհուրդը կազմավորվում է սովորողների ծնողներից:
  9. Ծնողական խորհուրդը կարող է գրանցվել որպես հասարակական կազմակերպություն և իր գործունեությունը կազմակերպել օրենսդրությամբ սահմանված կարգով:
  10. Կանոնադրությամբ սահմանված նպատակների իրագործման համար դպրոցի ծնողական խորհուրդը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է իրականացնել այլ լիազորություններ:
  11. Դպրոցի սովորողների խորհուրդը դպրոցի բոլոր սովորողներն են: Սովորողների խորհուրդը երկու ներկայացուցիչ ունի կրթահամալիրի խորհրդում:
  12. Դպրոցի գրասենյակի ղեկավարին աշխատանքի է նշանակում Տնօրենը`  դպրոցի ղեկավարի հետ խորհրդակցելով: Գրասենյակի ղեկավարի գործունեությունը կարգավորվում է պաշտոնական հրահանգով:
  13. Դպրոցի ղեկավարի ներկայացմամբ Տնօրենը տվյալ ուսումնական տարվա համար նշանակում է դպրոցի կազմակերպիչներ:
  14. Կազմակերպիչը կրթահամալիրի մանկավարժական աշխատող է, որ պատասխանատու է դպրոցի` իրեն ամրակցված սովորողների ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման համար: Կազմակերպիչի գործունեությունը կարգավորվում է պաշտոնական հրահանգով:

 V. ԴՊՐՈՑԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԸ, ՍՈՎՈՐՈՂԸ

  1. Դպրոցում դասավանդողը կրթահամալիրի մանկավարժական աշխատող է: Դասավանդող կարող է ընդունվել կրթահամալիրի մանկավարժական աշխատողի պաշտոնի նկարագրությամբ որոշված պահանջներին բավարարող մասնագետը` Խորհրդի որոշած հրապարակային ընտրության կարգով:
  2. Դպրոցում աշխատողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, Կանոններով, աշխատողի պաշտոնի նկարագրությամբ, աշխատանքային պայմանագրով:
  3. Դպրոցի սովորողի իրավունքները և պարտականությունները սահմանվում են օրենքով, Կանոններով, ուսումնառության պայմանագրով:
  4. Դպրոցի սովորողը պատասխանատվություն է կրում Կանոններով, ուսումնառության պայմանագրով իր պարտականությունների կատարման համար:
  5. Դպրոցը, սահմանված կարգով,  կարող է միակողմանի լուծել պայմանագիրը՝ այդ մասին տասն օր առաջ տեղյակ պահելով սովորողին, ծնողին` նրանց և դպրոցի միջև կնքված պայմանագրային դրույթները սովորողի կամ ծնողի կողմից չպահպանվելու դեպքում:

VI. ԴՊՐՈՑԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

  1. Տնօրենը կրթահամալիրին օգտագործման հանձնված և կրթահամալիրի սեփականություն հանդիսացող տարածքներից, գույքից ամեն տարի դպրոցին օգտագործման է հանձնում տարածք, գույք, միջոցներ:
  2. Դպրոցի ղեկավարը պատասխանատու է դպրոցին հանձնված տարածքների, գույքի, սարքերի նպատակային օգտագործման և պահպանման համար:
  3. Դպրոցի ֆինանսական միջոցները գոյանում են պետության բյուջետային ֆինանսական հատկացումներից, սովորողների ուսումնառության պայմանագրով որոշված լրավճարներից, լրացուցիչ կրթական ծառայությունների վճարներից, բարեգործական, նպատակային ներդրումներից, օրենքով թույլատրված այլ աղբյուրներից:
  4. Դպրոցի ֆինանսական հաշվառումը կատարում է կրթահամալիրի հաշվապահությունը:

 VII. ԴՊՐՈՑԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

  1. Դպրոցը վերակազմակերպվում կամ լուծարվում է կրթահամալիրի Տնօրենի հիմնավորված առաջարկով` Խորհրդի որոշմամբ:
  2. Դպրոցը կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ: