Հայրենագիտական-ճանաչողական ճամփորդության հաշվետվություն

Տարին ամփոփելու, կատարված աշխատանքները ի մի բերելու ժամանակն է արդեն, մտածում եմ, վերանայում, փորձում գտնել ամենա-ամենան: Դժվար է, որովհետև ամեն նախագիծ էլ սրտանց եմ արել ու սիրով: Բայց փորձեմ առանձնացնել իմ աշխատանքներից մեկը՝ ուսուցում ճամփորդությամբ: Մեկը մյուսի հետևից շարունակվելով, մեկը մյուսին լրացնելով՝ իմ աշխատանքներում իր կայուն տեղը IMG_3029զբաղեցրեց մի նախագիծ՝ «Ուխտագնացություն դեպի…», որը, սկսվելով տարիներ առաջ, կրթահամալիրի դասավանդող և սովորող ուխտագնացներին տարավ պատմական Հայաստան, Կիլիկիա, հեքիաթային Համշեն, Իրան-Ատրպատական,  Ստամբուլ, Դիարբեքիր ու այս տարվա ամենավերջինը (հա՞ որ)՝  Ուխտագնացություն… : Ու տանելու է էլի: Երկարաժամկետ նախագիծ է.  շարունակական այս նախագծով ճամփորդել են շատերը, եղել տարբեր դպրոցներում, իրականացրել «Սահմաններից դուրս», «Կարդում ենք…», «Խոնարհված եկեղեցիներ» ենթանախագծերը, եղել պատմամշակութային շատ-շատ վայրերում:31776166_2073885719492070_2563997473148239872_n
Նպատակը միշտ էլ շատ եմ կարևորել. շատերի հոգում վերացավ վախը, կորավ կարծրատիպը հարևան երկրի հանդեպ: Հիշում եմ՝ առաջին անգամ որպես ուխտագնաց գնացի Արմեն պապիս պատմության հետևից: Գնացի, ու ինձ հետ եկան շատերը: Վստահեցին: Հավատացին: Չվախեցան: Էլի գալու են: Արդեն հարցնում են, արդեն պատրաստվում են: Երևի սա է նաև նախագծի իրական հաջողությունը: Այս անգամ էլ, հավատարիմ մնալով նախագծի մշակման, իրականացման կարգին, աշխատանքը կատարեցինք մի քանի փուլով: Նախագիծը բաց էր, աշխատանքներին կարող էին մասնակցել բոլոր ցանկացողները: Առաջին փուլում նախատեսված էր ընթերցանություն, հետո՝ քննարկումներ, հետազոտական աշխատանք, լրացուցիչ նյութերի ձեռքբերում և համակարգում: Սովորողները հաճույքով աշխատում էին, համացանցից ձեռք բերում տեղեկություններ, Ղանալանյանի «Ավանդապատում» գիրքը ձեռքից ձեռք փոխանցում: Ստեղծվեց առաջին աշխատանքների  մեդիափաթեթը: 
IMG_3014«Երկար էի մտածում՝ արժի՞ արդյոք գնալ, թե՞ ոչ, սակայն, կարծում եմ, առիթը բաց թողնելու դեպքում շատ կփոշմանեի: Սկսել ենք ուխտագնացության նախապատրաստական աշխատանքները, նյութեր ձեռք բերել, կարդացել, ծանոթացել: Էս ինչքա՜ն բան կա տեսնելու, ինչքա՜ն բան կա կարդալու և ծանոթանալու: Ոգևորությունս մեծ  է. չեմ համբերում՝ երբ ենք գնալու: Կարծում եմ՝ այս ճամփորդությունը ոչ միայն հետաքրքիր և անմոռանալի պահեր է պարգևելու, այլ նաև նոր ծանոթություններ, որը ես շատ եմ կարևորում»,- գրեց Եվնիկեն իր նախաճամփորդական մտորումներում: «Միշտ էլ ճամփորդությունից առաջ մտահոգություն ես ունենում՝ ուր եմ գնում, ինչու: Այս անգամ՝ առավել ևս: Նոր ուղերթ, անցակետեր, «ծանոթ-անծանոթ» վայրեր: Մեր օրերում այսպիսի էլեկտրոնային տեղեկատվության առկայության պարագայում ամենևին էլ դժվար չէ շատ արագ կողմնորոշվել: Բայց, ինչպես ասում են, լավ է մեկ անգամ աչքով տեսնել, քան հազար անգամ լսել: Երբ իմացա կրթահամալիրում կազմակերպվող հերթական ուխտագնացության մասին, մեկ վայրկյան անգամ չկասկածեցի. Իհարկե, մասնակցելու եմ: Սկսեցինք նախապատրաստական աշխատանքները»: Սա էլ Արտյոմ Մանուկյանի բլոգից է: «Լսելով, որ պատմական  Հայաստան ճամփորդություն է կազմակերպվում՝ ես շատ ցանկացա միանալ։ Ուզում եմ տեսնել Անին Վանը։ Ուզում եմ տեսնել Վանա կատուն։ Մայրիկս ասում է, որ կատվի արձանը դրված է  քաղաքի մուտքի մոտ, քաղաքի խորհրդանիշն է։ Ես ուզում եմ ինքս նկարել Անին ,Վանա ծովը»: Կիզոգյան Սերգեյի ցանկությունն էր:

Կազմեցինք երթուղու անիմացիոն քարտեզը:

Հետո ուխտագնացության չորս հետաքրքիր ու հագեցած օրերն էին: Այնքան բան կար տեսնելու, կարդացածն ու տեսածը  համեմատելու-համադրելու, մեր խորհրդանիշերով հիանալու. նոր ձեռքբերումների մասին այդ պահին արտահայտվելու րոպե անգամ չկար: Ինձ համար գոնե բացահայտումները, անակնկալները շատ էին՝ Լիմ, Խոշաբ, Խցկոնք, Հայկաբերդ, Մրենի: Ճամփորդությունից հետո մեկը մյուսի հետևից սկսվեցին հրապարակվել նյութերը արդեն աչքով տեսածի, զգացածի մասին, հավաքված նյութերը դարձան մի նոր մեդիափաթեթ:
Սպասված ճամփորդություն
Դեպի պատմական Հայաստան

Ուխտի իմ խորհրդանիշը

Չարենցի կանչը փոխանցում ենք Մհերին

Որպես վաղուց տրված խոստում

Չի փրկի քեզ ոչ մի ճար Դավթի զարկից…

Լիմ անապատ

Կտուց կղզի

 

Ուղիղ եթեր

Ու վերջում
Ուրիշներին  սովորեցնելու համար հարկ է իմանալ ավելին, այսինքն՝ սովորել:  Սա, կարծում եմ, մեզնից ամեն մեկի նշանաբանն է:  Արդյունավետ աշխատանք կազմակերպելու համար կարևոր է մեր ցանկությունը ինքնակրթությամբ  մեզ  վրա աշխատելու, ստեղծագործելու, փորձելու, փորձը փոխանակելու    կարողությունների ձեռքբերումը: Ճամփորդությունները մեզնից ամեն մեկին ինքնակրթվելու, նոր գիտելիքներ ձեռք բերելու, անցած ու մի քիչ մոռացածը վերհիշելու հրաշալի հնարավորություն են տալիս:  Մեր ճամփորդությունները,  բազմաթիվ արշավները, ըստ իս,  ճիշտ ազդեցություն են թողնում երեխաների վրա, որոնց մոտ առաջանում է սեր դեպի աշխարհը, դեպի պատմական արժեքները, նրանց մեջ զարգացնում է հետաքրքրություն դեպի գաղտնիքներով լի բնությունը, շրջակա աշխարհը և գեղեցիկը: Արտահայտվելու, խոսք կառուցելու, գրելու, շրջապատի նկատմամբ ուշադիր ու հոգատար լինելու փորձ է հաղորդում: Ու ես ուրախ եմ, որ  կարողանում եմ  գեղեցիկի հանդեպ ունեցած իմ մեծ սերը հաղորդել իմ գործընկերներին, երիտասարդներին, իմ սովորողներին:

Սիրով՝ Ելենա Սարգսյան

 

Կարծիք չկա