Իմ վառ տպավորությունները «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից

Մանկավարժական նորարության հունիսյան «Բարեկամություն 2018» բաց ճամբարից ներկայացնում է ճամբարական` Արմինե Գրիգորյանը:

Ես՝ Արմինե Գրիգորյանս, աշխատում եմ Տավուշի մարզի` Գոշ ցյուղի հիմնական դպրոցում՝ որպես փոխտնօրեն և պատմության ուսուցիչ: «Բլեյան» կրթական ցանցի բաց մանկավարժական ճամբարին ես և կոլեգաներս հրավիրվել էինք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրինության կողմից. նախապես ձևավորված համագործակցության այցելության ժամանակ: Նախ նշեմ, որ հրավերը անչափ ուրախացրել և հետաքրքրել էր մեր աշխատակազմին:

Հունիսի 19-ին, վերջապես, կայացավ մեր մասնակցությունը «Բլեյան» կրթական ցանցի նորարարության մանկավարժական բաց ճամբարին: Առաջին իսկ պահից ես ինձ զգում էի ինչպես իմ տանը, որովհետև այնտեղ մթնոլորտը հիասքանչ էր՝ շնորհիվ կրթահամալիրի տնօրինության և աշխատակիցների, ովքեր բարեհամբույր ու ուշադիր էին յուրաքանչյուրիս նկատմամբ: Հանդիպումը բավական ջերմ ու սպասված էր: Մանկավարժները բոլորը պատրաստակամ օգնում, խորհուրդներ էին տալիս և աջակցություն ցուցաբերում: Պարզ, անմիջական, անկաշկանդ, հարգալից էին Սեբաստացիները: Այստեղ բավական հետաքրքիր էր ուսումնական գործընթացը, որը խորթ էր մեզ համար՝ առանց գիրք, գրատախտակ և գրիչ: Բավականին հետաքրքիր էր, որ այստեղ գործում էր բլոգային ուսուցում, որը ինձ շատ հետաքրքրեց, կցանկանայի մենք նույնպես նման համակարգով աշխատենք: Տպավորիչ էր կրթահամալիրի շենքի այդչափ մեծ կառուցվածքը, շենքի ներսում պատերի փոխարեն ապակե պատուհանները, որոնք ամեն ինչ թափանցիկ ու պարզ էր դարձնում: Գրադարանում գրքերի բազմազանությունը միանգամից ուշադրություն էր գրավում: Շատ հետաքրքիր էր նաև կրթահամալիրի հարսանեկան ծեսը, որին նախապատրաստվում էին մեր այցելության ժամանակ: Երգեցինք, պարեցինք, սովորեցինք միջազգային նախագծեր պատրաստել, որն անչափ դրական էր ազդել մեր վրա: Կազմակերպվել էր մեծ հյուրասիրություն: Օրն այնքան հագեցած էր, որ ժամանակը կարծես թռչում էր: Ամենատպավորիչը լիարժեք մոտիվացված սովորողների թիվն էր, սովորողներ, ովքեր հիմա լինելով արձակուրդում շարունակում էին մնալ դպրոցում: Իմ կարծիքով, յուրաքանչյուր դպրոցի հաջողության առաջին գրավականը իր սովորողներն են:

Ցավոք, չկարողացա հաջորդ օրը նույնպես մասնակցել, սակայն հույսով սպասում եմ հաջորդ այցելությանս: Կցանկանայի, որ «Բլեյան» կրթական ցանցն ընդլայնվեր և մասնաճյուղեր ունենար նաև մարզերում, առավելապես՝ Տավուշում:

 

Կարծիք չկա