Այս անգամ էլ դահուկների վրա

Ես արդեն երկրորդ տարին է ինչ կրթահամալիրում եմ ու երևի այս երկու տարում ավելի շատ բացահայտումներ արեցի կյանքումս քան նախորդ տարներին։ Այստեղ ունեցածս ամենամեծ ձեռքբերումը փոքր բաների մեջ ուրախություն ու օգտակարը վերցնելն է։ Սովորական ճամփորդությունների շնորհիվ ոչ միայն սովորում ես ինքնուրույն դառնալ, այլ նաև սկսում ես քո անձից բացի պատասխանատվություն զգալ նաև ընկերուհուդ, ընկերոջդ համար։ Կրթահամալիրը մեզ տալիս է ճամփորդության հնարավորություն։ Ոմանք դա կընկալեն որպես զվարճանք։ Բայց դե մենք գիտենք, որ դրա շնորհիվ մենք դառնում ենք ազատ, մարդկանց սկսում ենք ավելի լավ ճանաչել, շփվելիս չլարվել, դառնալ ավելի հանդուրժող։ Իսկ ճամփորդության մյուս կարևոր առանձնահատկությունն այն է, որ ստացածդ գիտելիքը կարողանում ես ամրապնդել ։ Օրինակ՝ մեկ ուրիշ բան է անգիր անել ՀՀ-ի մարզերը, մեկ այլ բան դրանցով ճամփորդելն ու ինքդ ծանոթանալ նրա աշխարհագրությանը։ Այսպիսով՝ այս անգամ հերթը Գյումրիինն էր։ Գյումրին մեզ պատմությունից հայտնի է Կումայրի, Ալեքսանդրապոլ, Լենինական անուններով։ Այնքան էի լսել Գյումրիի մասին, որ ուղղակի ուզում էի ուրիշ աչքերով նայել նրան, ուշադրություն դարձնել անգամ այն ամենին, ինչը չէի նկատի Երևանում։ Այստեղ բոլորը զբաղված են, եթե անգամ օրը կիրակի է։ Ի զարմանս մեզ մեր տունը գտնվում էր Գյումրու աշխուժության կենտրոնում։ Հետաքրքիրն այն է, որ այստեղ բոլորը շատ ուշադիր են իրար նկատմամբ ու միանգամից նկատում են «նորեկներին»։ Այս ճամփորդության շնորհիվ առաջին անգամ մասնակցեցի դահուկասահքի։ Իհարկե առաջին անգամից ամեն ինչ իդեալական չի ստացվում, բայց բարեբախտաբար փորձը փորձանք չդարձավ։ Իսկ Գարիկն ու Աննան հետևում էին մեր ամեն քայլին, քանի որ դահուկներով ամեն սխալ քայլը կարող է անդառնալի լինել։ Խոստովանեմ, որ դահուկները բեր խելքի բանը չէին: Լավ է, որ մեզ հետ էին սահնակներ: Դահուկները շատ արագ մոռացանք, վեցերցինք սահնակներն ու սկսվեց զվարճանքը: Սահելու համար ամենակարևոր ու բարենպաստ պայմանը՝ եղանակը, մեզ համար բնությունն էր ստեղծել։ Այս տարի ձյուն չտեսած երևանցիներս հրճվում ու վայելում էինք Աշոցքի ձմեռը:
Մեր ճամփորդության մեջ կարևոր մաս էր Ամուլսարի ոսկու հանքի շահագործման մասին պատմող ֆիլմի դիտում-քննարկումը գյումրեցի երիտասարդների հետ Բեռլին արտ հյուրանոցում։ Շատ կարևոր է երկրի խնդիրների մասին բարձրաձայնելը, քանի որ խնդիր է նաև անտեղյակությունը։ Ֆիլմի ընթացքում ընկեր Մարթան պարզաբանում էր ֆիլմում անհասկանալի տերմինները, ինչպես նաև համեմատականներ տանում Թեղուտի հետ, քանի որ Ամուլսարը դժբախտաբար ոչ առաջինն է և ոչ էլ վերջինը։ Շատ հետաքրքիր քննարկում ծավալվեց, տղաներից մեկն ասաց.«Էս ֆիլմը աչքերս բացեց, ես էսքան բան չգիտեի,ապրեք, որ եկաք ու ցուցադրեցիք»: Մենք էլ ուրախ էինք, որ կարողացանք իրազեկել գյումրեցիներին, մեր իմացածով կիսվել:
Այսպիսի ճամփորդություն էր՝ դահուկներ,ժպիտներ,քայլարշավ, ճանաչում, քննարկում, նոր բացահայտումներ: Անհամբեր սպասում եմ հաջորդ ճամփորդությանը:

Նյութի աղբյուրը՝ Գայանե Կարապետյանի բլոգ:

Կարծիք չկա