Կրթահամալիրում վրաց հյուրերի վերջին օրը մի պատումով

Ահա և վերջին օրը, որ մեր հյուրերը անցկացրեցին  կրթահամալիրում. առավոտյան ընդհանուր պարապմունքից  հետո նախապատրաստվում էինք մեդիաուրբաթին` փորձելով նվագակցել մեր սովորողների պատրաստած վրացերեն երգին:

Մինչ սպասում էինք Հայաստանում Վրաստանի դեսպանի տիկնոջ այցելությանը, Ստեփան Թորոյանը ծանոթացրեց վրացի տղաներին  հայկական ավանդական խաղերի հետ. վստահ եմ, որ այդ փորձը, անկասկած, անմոռանալի կլինի նրանց համար: Լադո Աբխազավան նւոյնպես ցուցադրեց իր կիրառած ուսումնական խաղերից մի քանիսը` ինչպես միշտ անսովոր ու ուսանելի:

Այնուհետև «Տիգրան Հայրապետյան» գրադարանում կայացավ հանդիպում տիկին Եկատերինա Բաքրաձեի հետ. տպավորությունների, շնորհակալական խոսքերի փոխանակում, նոր համագործակցային ծրագրերի նախանշում, փոխադարձ հրավերներ: Խոսվեց արդեն կայացած երկստեք  ջերմ բարեկամության հաստատման, մշտական  կայուն հարաբերությունների կարևորության և անխուսափելության մասին, ինչպես նաև Գյումրիում վրացերենի դասընթացի մեկնարկի և  կրթահամալիրի Ագարակում անցկացվելիք ավանդական հարսանիքի  մասին, որին մասնակցելու է նաև հաջորդ շաբաթ ժամանող վրացիների նոր խումբ:

Վերջին շրջայցը դեպի Հյուսիսային դպրոց էր և աստղացուցարան: Բոլնիսի դպրոցի տնօրեն Մարինա Գորշկովային հատկապես հետաքրքրիր էր դպրոցում իրականացվող  թատերական գործունեությունը, քանի որ իրենք մասնագիտացած են հենց այդ ոլորտում:

 

Սակայն երկար զրուցել երկու կողմերի  թատերական գործունեության մասին և  ուզածին չափ հիանալ աստղացուցարանով չհաջողվեց,  քանի որ ժամանակը սկսել էր չհերիքել:

Արևելյան դպրոցում մեզ դիմավորեց լեգո-քաղաքը` Երևանը փոքրիկների ձեռքերով վերստեղծելու հետաքրքիր նախաձեռնություն, որ հիացրեց հյուրերին:

 

Իսկ երեկոյան՝  ընթրիքից հետո, ավելի մտերմիկ, ոչ ֆորմալ մթնոլորտում վերջին զրույց-խոհերի փոխանակումն էր, որից հետո պիտի ուղևորվեինք դեպի կենտրոն` վերջին անգամ գիշերային Երևանում թափառելու և սահադաշտում սահելու:

 

Կարծիք չկա